Գավառ քաղաքի մասին

Գավառ քաղաքը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում: Քաղաքն ընդգրկում է 8 քկմ տարածք, ծովի մակերևույթից բարձր է 2000մ, հեռավորությունը Երևանից` 98կմ:

Բնակավայրի տարածքում մարդու բնակության ժամանակաշրջանը – Միջին քարի դարում սառցադաշտերի վերացումով բացվեցին անկենդան հսկայական տարածություններ: Սառույցից ազատված տարածքները ծածկվեցին լայնատերև անտառներով: Այդ վայրերից էր Գեղարքունիքը: Մարդը Սևանա լճի ավազանում հայտնվեց, երբ տիրապետում էր կրակին, գիտեր պատրաստել տեգեր, նիզակներ, կենցաղային այլ պարզունակ իրեր: Իր սնունդը հայթայթում էր որսորդությամբ և կատարում էր արհեստական կացարանի կառուցման առաջին փորձերը: Դա կիսաշրջանաձև շինություն էր` բնական քարայրի մուտքի առջև: Այդպիսի կացարանի հետքեր պահպանվել են մեր քաղաքի բնակելի տարածքում` Բերդի գլուխ կոչված վայրում, բնական խոր քարանձավի առջև: Դա վկայում է, որ մարդը քաղաքի տարածքում բնակվել է վաղ Նեոլիթի ժամանակաշրջանում: Զարգացած Էնեոլիթի ժամանակաշրջանում Բերդի գլուխ կոչված վայրում բնակվել է մի ցեղ, որը տիրապետել է նետ ու աղեղին, կարողացել է քարե կացարան կառուցել, աշխատանքային գործիքներ պատրաստել և վարել նստակյաց կյանք:

Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը
Տարածքի անվանումը մինչև ուրարտացիների նվաճումը – Ուրարտական թագավորներ Սարդուրի Երկրորդի և Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրություններում քաղաքի տարածաշրջանը կոչվել է Վելիքուխի երկիր: Անտարակույս է, որ տեղացիներն այդպես են անվանել իրենց երկիրը, որն ընդգրկել է 23-25կմ լայնություն և նույնքան էլ երկարություն` 22 բերդ-շեներով:

Վելիքուխի անվան ստուգաբանությունը – Ակադեմիկոս Ղափանցյանի ստուգաբանությամբ, հայկական հնչյունափոխության կանոններով` Վելիքուխին նույն Գեղարքունիքն է, որը ծագում է Գեղամ նահապետի անունից:

Նեոլիթի ժամանակաշրջանում Վելիքուխի երկրի տարածքում բնակվող ցեղերի և նրա նախաուրարտական բնակիչների էթնիկական ընդհանրությունը – Մովսես Խորենացու վկայությամբ, երբ Գեղամ նահապետը իր որդիներով և որդիների որդիներով բնակություն հաստատեց “ծովի ափին”, տարածքում բնակվում էին ցեղեր, որոնց Գեղամ նահապետը ենթարկեցրեց իրեն: Ծովն իր անունով կոչեց Գեղարքունյաց, լեռները` Գեղամա:

Քաղաքի բազիլիկ եկեղեցին
Ռուսա Առաջինի կողմից պաշտպանական նկատառումներով մինչուրարտական Բերդի գլուխ կիկլոպյան ամրոցի վերակառուցումը – Մինչուրարտական Բերդի գլուխ ամրոցը բաղկացած էր բլրի վրա ձգվող միջնաբերդից ու նրա ստորոտում տարածված գետնափոր բնակավայրերից: Խաղաղ ժամանակ միջնաբերդն անբնակ էր: Նման կառույցը չէր ապահովում խոշոր տերությունների հետ պատերազմող ուրարտական ռազմա-ֆեոդալական հիերարխիայի պաշտպանական պահանջները: Ելնելով այդ նկատառումներից` ուրարտական Ռուսա Առաջին թագավորը մ. թ. ա. 728թ. վերակառուցում է Բերդի գլուխ ամրոցը: Այն 400 մետր երկարությամբ ձգվում է արևելքից արևմուտք, գրավում է 5 հա տարածություն, ունի 1.5 հա տարածքով ամուր միջնաբերդ, լայնակի պարիսպներով բաժանվում է երկու մասի, որոնք խոշոր քարերով շարված, սալածածկ գետնուղիներով կապված են եղել Գավառագետի հետ:
Ռուսա Առաջին թագավորի Գավառնի Բերդի գլուխ ամրոցում թողած սեպագիր արձանագրությունը վկայում է Գավառնի` Խալդ աստծո քաղաքի կառուցման մասին:
Ուրարտացիների արշավանքները վերջ դրեցին տոհմա-ցեղային կառույցներին Գեղարքունիքում:

Սուրբ Ստեփանոս մատուռը
Քաղաքի հիմնադրումը և նրա անվան ժամանակաշրջանը – Քաղաքի անվան առաջին վկայությունը մի խաչքար է, որը գտնվում է հին գերեզմանատան Սբ. Ստեփանոս մատուռի մոտ: Քարի վրայի գիրը վկայում է. “Ի թիվ ԲՃՂԱ… Ես ամիրա Վասակս որդի Վասիլ իշխանի շինեցի զեկեղեցիս և զգավառայ առուն հանեցի ձորերեն և սարերեն”: Ըստ Մ. Սմբատյանի` ԲՃՂԱ – 291, ավելացրած հայկական տոմարի 551 թիվը ստացվում է խաչքարի պատրաստման ժամանակաշրջանը` 842 թվական: Իսկ Թադևոս Ավդալբեկյանի կարծիքով` ԲՃՂԱ տարեթիվը պետք է հավելել Հայոց փոքր կամ Սարկավագի տոմարին: Այս դեպքում ստացվում է` 291+1083=1374թ.:
Մեզ հասած աշխարհագրական անունները, որոնք վերջանում են “ք”, “մ”, “նիք” մասնիկներով, ցույց են տալիս բնակավայրի պատկանելությունը տվյալ տոհմա-ցեղային համայնքին. Գուգարք, Ուտիք, Գեղարքունիք, Գառնի, Գավառնի և այլն: Հետևաբար` Գավառնին մինչուրարտական տեղանուն է, ծագել է ցեղանունից:

Տեսարան քաղաքից (1900-ականներ)
Քաղաքը հետուրարտական ժամանակաշրջանում – Գավառի տարածքը մտնում է Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ և կազմում է Գեղարքունիք գավառի հյուսիսարևմտյան մասը: 9-րդ դարում մտել է Արցախի Սահել Սմբատյանի իշխանության տակ: 885-ից մտել է հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ: 10-12-րդ դարերում գտնվել է սելջուկ-թուրքերի տիրապետության տակ: 12-րդ դարի վերջում այն գրավել է Զաքարյան իշխանները և հանձնել Վերին Խաչենի իշխաններին:

Գորոյի կամուրջը (1900-ականներ)
Քաղաքը` օտար նվաճողների տիրապետության տակ – 1230թ. ճանաչել է մոնղոլների գերիշխանությունը: 1385թ. Գեղարքունիքն ասպատակել են Ոսկե հորդայի Թուղթամիշ իշխանի զորքերը, 1387թ.` Լենկ Թեմուրի հրոսակները: 1430թ. գրավել են կարակոյունլուները, 1555թ.-ին անցել է Սեֆյան Պարսկաստանին: 1604թ. ենթարկվել է Շահ-Աբասի բռնագաղթին:

Դարույքի վերանվանումը Բայազետ – Քաղաքը Բայազետ է անվանվել ոչ թե ի պատիվ թուրք արյունարբու սուլթան Բայազիդ Առաջինի (1389-1402), այլ ըստ պատմական հավաստի տեղեկությունների, դեռևս 8-րդ դարում Աշոտ Բագրատունի Մսակերը (այդ անունը նա ստացել է պաս չպահելու համար) Կոգովիտը Դարույնք կենտրոնով նվիրել է իր զարմիկներին` պայազատներին: Այնպես որ մինչև սուլթանի իշխանության գալը շրջանը Դարույնքն էր, իսկ քաղաքը` Պայազատ: Հետագայում թուրքերը Պայազատը հեշտությամբ Բայազիդ դարձրին:

Բանդի թաղ (1920-ականներ)
Քաղաքը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո – Մինչև 1828թ. քաղաքը մտնում էր Էրիվանի խանության մեջ և կազմում էր Գյոչկա-Դանգիզ Մահալի մի մասը: Ռուսատանին միավորվելուց հետո Նոր Բայազետ անվանբ մտավ Հայկական մարզի Էրիվանի գավառի, ապա` 1849թ. նոր ձևավորված Էրիվանի նահանգի մեջ որպես գավառ:

“Քյավառ” անվանափոխության հանգամանքները – Քյավառը Գավառ տեղանվան բարբառային արտահայտչաձևերից է: 1830թ. Բայազետից ներգաղթած հայությունը իրենց նախկին բնակավայրի անունը պահպանելու համար Գավառնին վերանվանեցին Նոր Բայազետ: Քաղաքային բնակավայր է 1850թ.-ից:

Կամոյի միջնակարգ դպրոցը (1950-60-ականներ)
Քաղաքը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո – Քաղաքը շարունակեց մնալ Նոր Բայազետ գավառի վարչական կենտրոն: 1930թ. նոր վարչական բաժանում կատարվեց, Նոր Բայազետի շրջանը Նոր Բայազետ վարչական կենտրոնով դարձավ հանրապետական ենթակայության: Քաղաքին Կամո (հեղափոխական Ս. Տեր-Պետրոսյանի անունով) անվանումը տրվեց 1959 թվականին: Քաղաքի շրջագծի մեջ են մտնում Արծվաքար և Հացառատ գյուղերը: 1963թ.-ից Կամո քաղաքը դարձավ հանրապետական ենթակայության:

Սուրբ Հովհաննես մատուռը
Քաղաքը Հայաստանի անկախացումից հետո – 1991թ. սեպտեմբերի 21-ից քաղաքը հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության քաղաք, Գեղարունիքի մարզային կենտրոն: Կամոն Գավառ է վերանվանվել 1996թ.-ին:
Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1929-30թթ. (ճարտարապետ` Ա. Թամանյան), երկրորդը` 1946-48թթ. (ճարտարապետներ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան), երրորդը` 1961-62թթ. (ճարտարապետներ` Ի. Նեմիջինովա, Կ. Գաբրիելյան):

Քաղաքային բնակչության թիվը 1831թ.-ից մինչև մեր օրերը – 1831թ. – 1346, 1886թ. – 7488, 1908թ. – 9872, 1914թ. – 12630, 1959թ. – 8666, 1990թ. – 21110, 1999թ. – 23272 մարդ: